Ճապոնական մամուլը հայտնում է, որ կառավարությունը կարող է կայսրին թույլատրել հրաժարվել գահից, որպեսզի 2019-ի սկզբին նրան փոխարինի որդին։ Երկրի բնակչությունն այս հարցում միանշանակ կարծիք չունի, գրում է Le Figaro –ն։
83-ամյա կայսր Ակիխիտոն, որը թագադրվել է 1989-ին, կասկածում է, որ ունակ է լիարժեք կատարել իր պարտականությունները։ Բացի դրանից նա ուզում է դեռ կենդանության օրոք օգնել որդուն նրա ապագա պարտականությունների կատարման հարցում։ Հիմա կայսրը քաղաքական իշխանություն չունի, նա ըստ երկրի սահմանադրության, զուտ խորհրդանշանական դեր է կատարում։
Ճապոնիայի օրենսդրությունը կայսրին թույլ չի տալիս լքել գահը մինչեւ մահ։ Բայց գահից հրաժարվելու մասին Ակիխիտոյի հայտարարություններից հետո գործադիր իշխանությունը սկսել է ուսումնասիրել այս հարցը ու այդ նպատակով հատուկ հանձնաժողով է ստեղծել։
Ըստ հարցումների արդյունքների՝ բնակչության 90 տոկոսը կողմ է ,որ գահից հրաժարվելը օրենքով թույլատրվի։ Բայց նրանց մի մասն առաջարկում է ընդունել հատուկ որոշում, որով գահից հրաժարվելը միայն տվյալ միապետին կթույլատրվի, որպեսզի նա կարողանա գահը փոխանցել իր ավագ որդուն՝ Նարուխիտոյին։ Եվ հանձնաժողովը, ըստ երեւույթին, հենց այս տարբերակին է հակված։
Բացի դրանից կայսրը նաեւ տեսակետ էր հայտնել, որ գահը ժառանգելու իրավունք պետք է ունենան ոչ միայն տղաները , այլեւ աղջիկները։ Այս առաջարկին կտրականապես դեմ են վարչապետ Սինձո Աբեն ու աջ ուլտրապահպանողականները։
Բանն այն է, որ Նարուխիտոն ու նրա կին Մասատոն միայն մեկ դուստր ունեն՝ Այկոն։ Եվ նման բարեփոխումը թույլ կտար, որ հորից հետո հենց նա ժառանգեր գահը։





























