ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը այսօրվա նիստին ընդունել է բանաձեւ, որը նախատեսում է սկսել պարտադիր բուժապահովագրության ծրագրի չեղարկումը, որը ներդրել էր Բարաք Օբաման։ Այն հենց նրա պատվին էլ ստացել է իր ոչ պաշտոնական անվանումը՝ Obamacare ։ Այս որոշմանը կողմ է քվեարկել 227 կոնգրեսական, իսկ դեմ՝ 198-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բանաձեւը Կոնգրեսի պրոֆիլային կոմիտեներին կոչ է անում սկսել օրինագծեր մշակել, որոնք ուղղված կլինեն այս ծրագրի փակմանը։ Երկու պալատներում օրենսդրական նախաձեռնությունները պետք է պատրաստ լինեն մինչեւ հունվարի 27-ը։
Obamacare -ի չեղարկումը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հիմնական խոստումներից մեկն էր։ Նա եւ հանրապետականները վստահեցնում են,․ որ բարեփոխման հետեւանքով առանձին նահանգներում ապահովագրական ընկերությունների մենաշնորհներ են առաջացել, բացի դրանից ապահովագրության արժեքն այլեւս մատչելի չէ։ Ընդ որում կուսակցության առաջնորդները բազմիցս ասել էին, որ մտադիր են անմիջապես ներկայացնել ապահովագրության ավելի արդյունավետ մեխանիզմ, սակայն մանրամասները դեռ չեն հայտնել։





























