Ամերիկյան Conal International Trading Inc. ընկերությունը ներողություն է խնդրել կոշիկի համար, որը կեռախաչի տեսքով հետք է թողնում, եւ դրանք հետ կանչել վաճառքից: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ «այդ դիզայնը կանխամտածված չի մշակվել, այլ Չինաստանում ընկերության արտադրողների սխալի արդյունք է»:

Սկանդալի պատճառ են դարձել զինվորական ոճի Polar Fox երկարաճիտ կոշիկները: Գնորդներից մեկը Reddit-ում կոշիկի լուսանկարն էր հրապարակել, որի ներբանին կեռախաչի տեսքով նախշ կա:

«Կոշիկը պատվիրելիս բոլոր կողմերից չէի դիտել այն»,- խոստովանել է լուսանկարի հեղինակը, որն ավելի քան 3 մլն դիտում է ունեցել:

ԱՄՆ-ի Հրեական լիգան հայտարարել է, որ կապվել է արտադրող ընկերության հետ, որտեղ պարզաբանել են, որ կոշիկներն Ասիայում են պատրաստվում՝ «մշակութային մի միջավայրում, որտեղ կեռախաչը որպես բուդդիստական խորհրդանիշ է ընկալվում»: