Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները ծրագրում են 18.22 մլրդ յուան (2.64 մլրդ դոլար) ծախսել՝ ուղղված օդի աղտոտվածության դեմ պայքարին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սինհուա գործակալությունը:
Նախատեսվում է, մասնավորապես, զարգացնել էկոլոգիական շինարարությունը, տնտեսել էներգետիկ ռեսուրսները եւ նվազեցնել մթնոլորտային արտանետումները: 2016 թվականին այս նպատակով Պեկինում շուրջ 2.5 մլրդ դոլար են ծախսել:
Այսպիսով, իշխանությունները ծրագրում են 2017 թվականին օդում PM2.5 վնասակար մասնիկների միջին տարեկան խտացումը հասցնել մեկ խորանարդ մետրում 60 միկրոգրամի ցուցանիշի: 2016 թվականին այս ցուցանիշը կազմել է 73 միկրոգրամ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ անվտանգ մակարդակը մեկ խ.մ.-ում 25 միկրոգրամն է:
Այս տարի Պեկինի իշխանությունները 30%-ով կկրճատեն ածխի օգտագործումը, մթնոլորտն աղտոտող 500 ձեռնարկություն կփակեն, 2.6 հազար ընկերություններ կարդիականացնեն՝ համապատասխանեցնելով էկոլոգիական ավելի բարձր չափանիշների:
Բացի այդ՝ հատուկ «բնապահպանական ոստիկանություն կստեղծեն», որը կհետեւի շրջակա միջավայրի պահպանության խախտումներին:





























