Խորհրդարանական ընտրություններն ապրիլի 2-ին անցկացնելու համար օրենքի տեսակետից ոչ մի խոչընդոտ չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ ընտրությունները նշանակվել են Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան (պետք է անցկացվեն ապրիլի 1-ից 10-ի միջակայքում հանգստյան օրը, այսինքն՝ կարող էին նշանակվել ապրիլի 2-ին կամ 9-ին – խմբ.):  

«Երեկ տեղեկացա, որ «Համախմբում» կուսակցությունը որոշել է անհամաձայնություն հայտնել այդ օրը ընտրություններն անցկացնելու հետ կապված: Եթե նրանք կարծում են, որ Սահմանադրության հետ կապված խնդիր կա, թող իրավասու մարմիններին դիմեն: Ժողովրդավարական երկրներում այլ ճանապարհ չկա: Բայց ես չեմ կարծում, որ այստեղ օրենքի հետ կապված ինչ-որ խնդիր կա»,- նշեց Շարմազանովը:

Երկրորդ, շարունակեց նա, տարբեր հայտարարություններ են եղել, որ ՀՀԿ-ն որոշել է ընտրություններն ապրիլի 2-ին անցկացնել, քանի որ այդ օրը Հանրապետական կուսակցության հիմնադրման օրն է, եւ «նրանք ցանկանում են իրենք իրենց նվեր անել»: «Դա առավել քան ահեթեթ է: Կան նաեւ գործիչներ, որոնք դա կապում են քառօրյա պատերազմի սկզբի հետ: Սակայն կոնկրետ ինձ համար ապրիլի 2-ը ոչ այնքան պատերազմի սկսվելու օրն է, որքան ազգային միասնության, ազգային միավորման, Հայաստան-Ղարաբաղ-Սփյուռք միավորման խորհրդանիշ է, քանի որ 90-ական թվականների Ղարաբաղյան պատերազմից հետո հայ ժողովուրդը ապրիլի 2-ին կրկին ապացուցեց, որ կարող է միավորվել: Հետեւաբար՝ կարծում եմ, որ այդ քննադատությունը եւս իրականության հետ կապ չունի»,- ամփոփեց Էդուարդ Շարմազանովը: