Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի վնասազերծումը հանգեցրել է Համբուրգի բնակչության զանգվածային տարհանման: Հունվարի 20-ին իրենց տները ստիպված էին լքել պայթուցիկի գրեթե կես տոննա զանգվածով 1000 կգ-անոց ավիառումբի հայտնաբերման վայրի շուրջը 300 մետր շառավղով գտնվող տների բնակիչները, փոխանցում է DW-ն:
Ավելի հեռավոր՝ մինչեւ 1,2 կմ շառավղով գտնվող տների բնակիչներին, հակառակը, հրահանգվել է տներից դուրս չգալ: Գործողության անցկացման ժամանակ շրջանում տրանսպորտի երթեւեկությունը դադարեցվել է:
Երկու պայթուցիչներով ամերիկյան ռումբը ջրասուզակները գտել են քաղաքի կենտրոնի նավահանգստային ջրանցքում, որը գտնվում էր 7 մետր խորությամբ տիղմի մեջ: Այն ջրից հանվել է վերամբարձ կռունկով:
Նախօրեին երեկոյան Համբուրգում արդեն վնասազերծվել է երկրորդ չպայթած, մոտ 450 կգ քաշով ռումբը, որը հայտնաբերվել էր շինարարական աշխատանքների ընթացքում:



























