«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հերքում է տեղեկությունները, որ կուսակցությունում խժդժություններ կան:

«ԲՀԿ-ում խժդժություններ չկան, քանի կուսակցությունում կա Գագիկ Ծառուկյանը եւ քանի կա «Բարգավաճ Հայաստանը», Նաիրա Զոհրաբյանի տեղը Ծառուկյանի կողքին է ԲՀԿ-ում: Այս պահին մենք կենտրոնական գրասենյակում շտաբի պետ Իշխան Զաքարյանի հետ ծրագրում ենք մեր աշխատանքները: Եվ հորդորում եմ եւ խնդրում ձեզ` մի տուրք տվեք չգիտեմ որտեղից անհեթեթություններին: ԲՀԿ-ն ամուր եւ պինդ կանգնած է Գագիկ Ծառուկյանի կողքին, մենք պատրաստվում ենք ընտրությունների, որեւէ անգամ նվազագույն խնդիր կուսակցության ներսում չի եղել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ մամուլը գրել էր, որ նախընտրական գործընթացն ամբողջությամբ իր ձեռքն է վերցրել Իշխան Զաքարյանը, ինչը դժգոհություն է առաջացրել ԲՀԿ-ում:

«Իշխան Զաքարյանը լավ է արել եւ ճիշտ է արել, որ շտաբի ամբողջ համակարգումը վերցրել է իր ձեռքը: Այո, շտաբային աշխատանքի համակարգումը պետք է լինի մեկ մարդու կողմից: Մենք` որպես շտաբի տարբեր ոլորտների պատասխանատուներ, բնականաբար միասնական մեկ գործ ենք անում: Ամեն մեկս մեր աշխատանքը գիտենք շտաբում, իսկ Իշխան Զաքարյանը լավ է արել, ճիշտ է արել եւ այդպես էլ պետք է լինի, որ համակարգումը պետք է լինի շտաբի պետի կողմից: Եթե նա շտաբի պետն է, շտաբի աշխատանքները ո՞վ պետք է համակարգի: Ամեն օր Իշխան Զաքարյանը Գագիկ Ծառուկյանի հետ ճշտում է մեր օրվա անելիքները եւ շտաբն աշխատում է Գագիկ Ծառուկյանի հետ ճշտված աշխատացույցով»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը: