«Մենք մշտապես կապի մեջ ենք լինում այն բոլոր ընտանիքների հետ, որոնք ունեն գերի ընկած, անհայտ կորած կամ մահացած հարազատներ, եւ կիսում ենք նրանց անհանգստությունն ու վիշտը»,- այսօրէ նոյեմբերի 4-ին հայ-ադրբեջանական Իջեւան-Ղազախ սահմանին տեղի ունեցած ադրբեջանցի գերու եւ հայ զոհվածի աճյունի փոխանակումից հետո, Երեւանում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Մելանի Վոնրոսպախը, ով մասնակցել է հայրենադարձմանը։ «Միշտ էլ ցավ ես ապրում, երբ ստիպված ես վատ լուր հաղորդել կամ էլ զոհվածի աճյուն հայրենադարձել»,- նշել է նա:

«Մենք ողջունում ենք 2010 թվականի հոկտեմբերին Աստրախանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավոր-վածությունը ռազմագերիներին եւ զոհվածների աճյունները փոխանակելու վերաբերյալ, ինչպես նաեւ ԿԽՄԿ-ի հնարավոր օժանդակությունն այս հարցին»,- իր հերթին ասել է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ԿԽՄԿ գործողությունների ղեկավար տիկին Պասկալ Մեժ Վագները։ Վերջինս սեպտեմբեր ամսին Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցի ժամանակ քննարկել էր այս հարցը երկու երկրների պաշտպանության նախարարների եւ արտաքին գործերի փոխնախարարների հետ։ «Մենք ցանկանում ենք վերստին հաստատել  չեզոք միջնորդ հանդիսացող մեր կազմակերպության պատրաստակամությունը հայրենադարձումներ իրականացնելու գործում։ Սակայն, հարկ եմ համարում նշել, որ ԿԽՄԿ-ն հայրենադարձում է ազատ արձակված գերիներին, միայն համոզվելուց հետո, որ նրանք վերադառնում են հայրենիք իրենց հոժար կամքով»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ այսօր` նոյեմբերի 4-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո, հայրենադարձվել է ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի աճյունը, ով մահացել էր  2010 թվականի հոկտեմբերին Բաքվում, Ադրբեջան։ Նույն օրը ԿԽՄԿ-ն հայրենադարձել է նաեւ Հայաստանում ներկալված Ադրբեջանի քաղաքացի Էլդար Թաղիեւին: Գործողությունը տեղի է ունեցել ադրբեջանական Ղազախ եւ հայկական Իջեւան քաղաքներն իրար կապող ճանապարհին։

Համաձայն իր հանձնառության, ԿԽՄԿ-ն այցելում է Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով ազատազրկված ռազմագերիներին եւ ներկալված քաղաքացիական անձանց։ Սույն թվականի ապրիլին ԿԽՄԿ-ն հայրենադարձրել է ադրբեջանցի երկու քաղաքացիական անձանց աճյունները եւ մեկ ռազմագերի։ Ներկայումս, կազմակերպությունը ներգրավված է այլ ներկալված անձանց եւ զոհվածների աճյունների հայրենադարձման շուրջ քննարկումներում երկու ուղղությամբ, շփման գծում վերջերս զոհված երկու ադրբեջանցի զինվորների աճյունների հայրենադարձման հարցը ներառյալ։

Աշխատելով Ժնեւյան կոնվենցիաների ներքո՝ ԿԽՄԿ-ն գործում է Հայաստանում եւ Ադրբեջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։