Բրազիլացի ձեռնարկատեր եւ միլիարդատեր Էյկե Բատիստան, ում որոնում էին փողերի լվացման կասկածանքով, երկուշաբթի Ռիո դե Ժանեյրո է ժամանել, որտեղ ոստիկանությունը նրան ձերբակալել է, հայտնում է «Ռեյթեր»-ը:

Անցյալ շաբաթ Բրազիլիայի ոստիկանությունը միլիարդատիրոջը կալանավորելու միջազգային օրդեր է տվել: Դաշնային ոստիկանությունում աղբյուրը հայտնել է, որ Բատիստայի նկատմամբ կաշառակերության մեղադրանքով միջազգային հետախուզում է հայտարարել նաեւ Ինտերպոլը

Բատիստան Ռիո դե Ժանեյրո է ժամանել Նյու Յորքից: Նա ավելի վաղ հայտարարել է իշխանություններին հանձնվելու մտադրության մասին:

60-ամյա միլիարդատիրոջը կասկածում են Ռիո դե Ժանեյրոյի նախկին նահանգապետ Սերժիու Կաբրալուին 16,5 մլն դոլար կաշառք տալու մեջ, որն ավելի վաղ է կալանավորվել:

Forbes-ի տվյալներով՝ 2012 թվականին Բատիստայի կարողությունը 30 մլրդ դոլար է կազմել, որը նրան դարձրել է Բրազիլիայի ամենահարուստ մարդը: