Նոյեմբերի 4-ին Համաշխարհային բանկը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ներկայացրել է Doing Business 2011 զեկույցը, ուր երկրները դասակարգվում են ըստ բիզնես վարելու դյուրինության։ Սա բավականին հեղինակավոր զեկույց է եւ բոլոր երկրներն էլ երազում են Doing Business-ում բարձր տեղեր գրավել, քանի որ դա նաեւ օտարերկրյա ներդրումներ գրավելուն նպաստող գործոն է։
Բայց որքանո՞վ են այդ զեկույցում տրվող գնահատականները օբյեկտիվ։ Օրինակ՝ Հայաստանը գրավել է 48-րդ տեղը՝ առաջ անցնելով Իսպանիայից եւ հետ մնալով Ղրղըզստանից։ Մի՞թե սա օբյեկտիվ իրողություն է։ Ղրղըզստանն անցյալ տարիներին ծվատվում էր հեղափոխություններից ու անկարգություններից, ո՞վ կհավատա, որ այնտեղ բիզնես վարելու պայմաններն ավելի լավն են, քան Հայաստանում։ Այնկերպ ոչ ոք չի հավատա, որ Եվրամիության անդամ Իսպանիայում դրանք ավելի վատն են։
Կամ ասենք՝ Ռուսաստանը գրավում է 123-րդ տեղը՝ զգալիորեն զիջելով ԱՊՀ երկրների մեծ մասին։ Բայց եթե Ռուսաստանում իրոք բիզնեսի պայմաններն այդքան վատն են, ապա ինչո՞ւ են ԱՊՀ գործարարները փախչում Ռուսաստան։ Ցանկացած հայ, ադրբեջանցի կամ վրացի գործարար կհաստատի, որ Ռուսաստանում բիզնեսն ավելի հեշտ է կամ շահավետ՝ թեեւ առկա են օրենսդրական եւ վարչական լուրջ խոչընդոտներ։ Բայց այդ խոչընդոտները Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում ավելի զգալի են, ու չնայած դրան՝ այդ երկրները շատ բարձր տեղեր են զբաղեցնում Doing Business-ում։
Ուրեմն՝ գնահատման մեթոդոլոգիան այնքան էլ կատարյալ չէ, այն չի արտահայտում առկա իրողությունները։ Ավելի ճիշտ՝ Համաշխարհային բանկը երկրներին գնահատում է այնքանով, որքանով դրանք իր ազդեցության գոտում են, իրականացրել կամ իրականացնում են այն բարեփոխումները, որոնք իրենց առաջարկով են։ Համենայնդեպս՝ ԱՊՀ երկրների գնահատականները կրում են հենց այդ պրիզման։ Այս առումով՝ Doing Business-ը կարելի է նաեւ դիտարկել որպես կառավարությունների վրա ազդեցության կամ ճնշման միջոց։
Հանուն արդարության պետք է նշել, որ Doing Business-ում արտացոլվում են այն իրողությունները, որոնք առկա են 2 տարի առաջ։ Այսինքն՝ Doing Business 2011-ը հիմնվում է 2009 թ. տնտեսական իրավիճակների վրա։ Իսկ այս ընթացքում երկրներում շատ բան է փոխվել։ Doing Business-ն իսկապես, դրդում է կառավարություններին՝ որոշ ոլորտներում արագացնել դրական փոփոխությունների տեմպը։ Օրինակ՝ Ադրբեջանը նվազեցրեց շահութահարկի ու այլ հարկերի դրույքաչափը, պարզեցրեց հարկի վճարման մեխանիզմը ու որպես հետեւանք՝ Doing Business-ում միավորներ վաստակեց։ Հայաստանի մասին, ի դեպ, միակ դրական գնահատականը տրվել է մաքսային մարմնում կատարած փոփոխությունների մասով՝ ներդրվել է ինքնահայտարարագրման մեխանիզմ, իսկ մաքսատները հանդերձավորվել են նորագույն սարքավորումներով, կատարելագործվել է ռիսկերի գնահատման համակարգը։
Ավելի առարկայական են Վրաստանին տրված գնահատականները։ Այնտեղ, ըստ Համաշխարհային բանկի, առաջընթաց կա ընկերությունների սնանկացման կարգում՝ աճուրդների պարզեցման միջոցով։ Պայմանագրերի կնքման եւ իրականացման հարցում նույնպես պայմանները ավելի նպաստավոր են դարձել։ Սակայն, մեր կարծիքով, ավելի կարեւոր է կենտրոնացված կարգով գրավի ռեեստրի ստեղծումը, որը օնլայն հասանելի է գործարարներին։ Վրաստանը նաեւ ուժեղացրել է ներդրողների շահերի ու իրավունքների պաշտպանությունը՝ դատական գործընթացներում ապահովելով ավելի լայն հասանելիություն կորպորատիվ տեղեկատվության վերաբերյալ։
Վրաստանի նման քայլերը, որոնք կատարվում են ՀԲ խորհրդատվությամբ, այդ երկրին ապահովել են Doing Business-ում բավական բարձր՝ 12-րդ տեղ։ Վրաստանը իրոք բիզնեսի համար դարձել է գրավիչ, ինչի հետեւանքով Հայաստանից դեպի Վրաստան սկսել է կապիտալի արտահոսք։ Դրան նպաստում է հարեւան երկրում ավելի տանելի հարկային համակարգը, մեղմ վարչարարությունը, կոռուպցիայի ոչ բարձր մակարդակը։ Ու եթե Հայաստանի կառավարությունը լուրջ քայլեր չիրականացնի բիզնես-միջավայրը բարելավելու համար, ապա հետեւանքները կարող են անդրադառնալ մեր ազգային անվտանգության վրա։
Սամվել Ավագյան





























