Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու 2 րոպե տեւողությամբ քվեարկությունը վճռորոշ կդառնա ամբողջ երկրի համար 5 տարվա համար: Այս մասին փետրվարի 7-ին՝ խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ընտրողները 2 ամսից կորոշեն՝ պատրա՞ստ են նրանք ապրել փոքրաթիվ մեծահարուստներով եւ մեծաթիվ աղքատներով երկրում, որտեղ ամեն տարի երկիրը լքում է ավելի քան 40 հազար մարդ, որտեղ քաղաքացիների վճարած հարկերը վերափոխվում են առանձնատների եւ սակավաթիվ ընտրյալների մեքենաների: Վերջապես, որտեղ մարդն արժեք չի ներկայացնում:

Մեկ այլ ճանապարհ էլ կա՝ բիզնեսի համար հավասար մրցակցությամբ, վոլյունտարիզմից պաշտպանված մարդու իրավունքներով երկիր:

««Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններից կազմված դաշինքը երկրորդ ճանապարհն է առաջարկում: Մեր շարքերում անբասիր կենսագրությամբ մարդիկ կան, որոնք ընդունակ են թվարկված խնդիրները լուծել»,- հայտարարեց նա: