Եվ այսպես, Ձեր հնազանդ ծառան շարունակում է իր համար բացահայտել Պեկինը։ Նախապես Ձեզ զգուշացնում եմ, որ ամսի 11-ին՝ չինական Նոր տարվա վերջին օրը ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որ լուսանկարեմ չինական հանրահայտ հրավառությունը Չինաստանի մայրաքաղաքում։

Իսկ մինչ այդ, ուզում եմ պատմել Չինաստանի մայրաքաղաքի բիզնես թաղամաս՝ Վոնգ Ջանգ իմ արշավի մասին։

 

Առաջին շենքը, որը ցնցում է երեւակայությունը, «Սոհո» բիզնես կենտրոնի երկնաքերերի համալիրն է։

Սարսափելի հիշեցնում է Լոնդոնը։

Շուրջը հսկայական շենքեր են, բայց այս մեկը ինքնին առանձնանում է։

Իսկ շենքի առաջ ահա այսպիսի տրանսպորտ է (Բրիտանիայում բնակվող վրացական արմատներով ու Մելուա ազգանունով շաատ տաղանդավոր երգչուհին նման երգ է կատարում `There are nine million bicycles in Beijing: Նրան փոխանցեք, որ այդ թվերը փոխվել են։)

Կամ թատրոն է, կամ կինոթատրոն

Իսկ սա «Տաու Կիտա» համաստեղության այլմոլորակայինների միջգալակտիկական կայան է

Ահա թե որտեղ է, պարզվում է, մեր երեւանյան «Կուկուրուզնիկը»

Հզոր է, չէ՞

Իմ թարգմանչուհու՝ Էլենի (չինական տարբերակով HeyYan) ընկերուհիներից մեկը այս շենքի անթիվ անհամար հարկերից մեկում գրասենյակ է վարձակալում՝ հենց այդ նույն «Սոխոյի» դիմաց։ Հենց այնտեղ էլ մենք ուղեւորվեցինք, որպեսզի 22-րդ հարկի բարձրությունից լուսանկարենք բիզնես թաղամասը։

Ճանապարհին նկատեցինք այս անվանումը։ Ծանոթ անուն է, չէ՞։ Հաստատ ձեր կինն էլ է դրա միջոցով տարատեսակ բաներ պատվիրում։

Դե, ինչպես չհիշես հանգուցյալ Քըրք Քրքորյանին

Չինական փոստի հետ կատակ անել պետք չէ

Անցնում էինք փողոցը, տեսանք երկու չինացիներ են վիճում, ու կարեւոր չէ, որ հետեւից տասը հազար մեքենա է ազդանշանը միացրել։

Նախասրահում, վերելակի մոտ մեզ սպասում էր մանդարինային օազիս՝ Նոր տարվա բարեմաղթանքներով։

Ահա այսպիսի սմոգ է բիզնես կենտրոնի վրա

Իսկ երեկոյան․․․Գեղեցիկ է, գրողը տանի

Գնացինք մոտակա առեւտրի կենտրոն․․․Պարզապես որպեսզի լուսանկարենք չինական զանազան խորհրդանիշերով լի պատկերասրահը

Աստված իմ, այստեղ էլ է հասել Սուրբ Վալենտինը․․․

Ժողովուրդների աշխատանքային երջանկության համար պայքարում հավերժ ձերը՝ Մարկո Պոլո

Ետգրություն․ Քաջ ճանապարհորդը շնորհակալություն է հայտնում Հայաստանի կունգ-ֆու ֆեդերացիային Չինաստան ուղեւորություն կազմակերպելու համար