ՀՀԿ-ի թեկնածուները պայքարելու են հանուն նրա, որ ընտությունները նախ լինեն օրինակելի, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, երկրորդ, որպեսզի ՀՀԿ-ն ստանա հնարավորինս շատ ձայներ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Մենք ցույց ենք տալու, որ յուրաքանչյուր տարածքում մեր տարածքային ցուցակն ամենամրցունակն է, իսկ հանրությունն ինքը կորոշի, թե որ ցուցակին ձայն տալ»,-ասաց նա:

Շարմազանովը նորմալ համարեց, որ ՀՀԿ ցուցակներում ընդգրկված են նախկին ԲՀԿ-ականեր, իսկ ԲՀԿ ցուցակում կարող են լինել նախկին ՀՀԿ-ականներ:

«Այս պահին ՀՀԿ-ն բլոր հարցումներով, նաեւ ընդդիմադիրների հարցումներով, եթե անկեղծ լինեն, ընտրությունների բացահայտ ֆավորիտն է: Տոկոս չասեմ, բայց մենք ակնկալում ենք ազատ ու արդար ընտրապայքարում ստանալ հնարավորինս շատ ձայներ»,-ասաց ՀՀԿ մամուլի քարտուղարը:

Նշենք, որ այսօր ՀՀԿ-ն ներկայացրել է բոլոր 13 ընտրական տարածքներում ՀՀԿ-ի ցուցակներում ընդգրկված թեկնածուների ցանկը: Իսկ ՀՀԿ համապետական ցուցակը պատրաստ կլինի մի քանի օրից:

Այլ կուսակցություններ ու դաշինքներ դեռ չեն ներկայացրել իրենց ցուցակները: