Մարդկանց մականուն կպցնելն եւ հետո շարունակել նման ձեւով դիմելն ուղղակի տգեղ երեւույթ է, որը խոսում է մարդու դաստիարակության մասին: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչու այնուամենայնիվ Հանրապետական կուսակցությունը որոշեց իր ցուցակներում ընդգրկել մականունավոր անձանց:

«Չգիտեմ` Ձեզ երբեւէ դպրոցում մականուն կպցրել են, թե ոչ, սակայն եթե Դուք էլ զբաղվեիք քաղաքականությամբ, Ձեր մականունը եւս կարող էր շրջանառվել հասարակության մեջ: Դա ամենեւին չի նշանակում, որ դա Ձեր մասին խոսում է լավ կամ վատ, իսկ ընտրողի ձայնը ամենաորոշիչն է»,- ասաց նա:

Նշենք, որ փետրվարի 11-ին Հանրապետական կուսակցությունը ներկայացրել մասամբ, թե ովքեր են առաջադրվելու տարածքային ցուցակներով: Նրանց մեջ կան մականունավոր անձինք, գեներալներ, մարզիկներ: