«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի վարչակազմի կողմից որեւէ խոչընդոտ չի ստեղծվել ԱԺ պագամավորներիի կողմից կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտք գործելու իրավունքի իրացման կապակցությամբ, ինչը եւ կատարվել է վերջինների կողմից: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
«ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը հայտարարել են, թե իրենց թույլ չեն տվել տեսակցել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանին նրա խցային պայմանները դիտարկելու նպատակով`վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինիս տեսակցությունների վրա արգելանք դրվելու պատՃառաբանությամբ, երբ իրենք` որպես ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետք է այդ խնդիրը չունենան:
Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի վարչակազմի կողմից որեւէ խոչընդոտ չի ստեղծվել ԱԺ պագամավորներիի կողմից կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտք գործելու իրավունքի իրացման կապակցությամբ, ինչը եւ կատարվել է վերջիններիս կողմից:
Սակայն, քանի որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց հետո Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը ցանկություն են հայտնել տեսակցել կալանավորված Արթուր Սարգսյանի հետ, որի տեսակցության իրավունքը սահմանափակված է նախաքննության մարմնի որոշմամբ, ուստի վերջիններիս պահանջը օրենսդրության պահանջներին համապատասխան իրավաչափորեն մերժվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը հայտարարել էին, որ այսօր իրենց թույլ չեն տվել տեսակցել Արթուր Սարգսյանին «Հաց բերող»:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կալանավորվել է:



























