Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին մեկուսացրել են: Փետրվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով՝ փետրվարի 11-ից չի կարողանում տեսնել իր պաշտպանյալին: «Նրա մոտ չեն թողնում ոչ միայն հարազատներին ու լրագրողներին, այլեւ պաշտպանին: Պատճառը շատ խորն է. նրանք փորձում են Վահան Շիրխանյանի վրա հոգեբանական ճնշում գործադրել»,- նշեց Ալումյանը:
Փետրվարի 9-ին, ըստ նրա, Հայաստանի կառավարությունը ՄԻԵԴ-ից 5 տարբեր հարցադրում է ստացել Շիրխանյանի առողջության հետ կապված: «Այդ հարցերին պատասխանելու համար կառավարությունը սեղմ ժամկետներ ունի՝ մինչեւ փետրվարի 22-ը»,- հավելեց Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարությանը հարցեր է ուղղել՝ կապված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջության հետ, որին մեղադրում են Երեւանում վնասազերծված Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խմբի հետ համագործակցության մեջ:



























