«Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի շահերի պաշտպան Մոնիկա Մարգարյանին այսօր՝ փետրվարի 15-ին, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում փորձել են խուզարկել:  NEWS.am-ի հետ զրույցում Մոնիկա Մարգարյանը նշեց, որ թարգմանչի հետ գնացել է քննչական գործողության մասնակցելու, սակայն, չի կարողացել ներս մտնել, որովհետեւ փորձել են խուզարկել իրեն:

«Արդեն երրորդ անգամն է ինձ թույլ չեն տալիս ներս մտնել, տեսակցել Թաթուլ Թամրազյանին: Այսօր քննչական գործողություն պետք է տեղի ունենար, բայց ես չկարողացա մտնել ներս: Սկզբից հայտարարեցին, որ պայուսակով թույլ չեն տալիս ներս մտնել, որոշեցինք, որ պետք է խուզարկեն միայն պայուսակս: Այնուհետեւ ասացին, որ երկարաճիտք կոշիկներով եմ, պետք է խուզարկեն դրանք, հետո վերարկուս: Ես ասացի, որ սա անձնական զննություն չի, անձնական խուզարկություն է եւ թույլ չտվեցի»,-ասաց փաստաբանը:

Մոնիկա Մարգարյանի խոսքով՝ չի կարողանում պատշաճ իրավաբանական օգնություն ցուցաբերել իր պաշտպանյալին, քանի որ խոչընդոտում են տեսակցել նրան:

«ՔԿՎ գրություն էի ուղարկել, անգամ իրենց վերադասը գրությամբ պատասխանել է, որ ինձ կարող են խուզարկել, բայց դա ապօրինի գործողություն է, որը խոչընդոտում է, որ ես իրավաբանական օգնություն ցուցաբերեմ պաշտպանյալիս»:

Մոնիկա Մարգարյանը նաեւ հայտնեց, որ տեսակցության խոչընդոտների, ապօրինի խուզարկության մասին փետրվարի 1-ին դիմում է գրել ՀՀ ՄԻՊ-ին, սակայն  որեւէ արձագանք չի ստացել:

26-ամյա Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), 218-րդ հոդվածով՝ (պատանդ վերցնելը):

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման հետեւանքով վիրավորված «Սասնա ծռեր» ջոկատի անդամ 26-ամյա Թաթուլ Թամրազյանի ձախ երիկամը հեռացրել են: