Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում կատարված իրադարձությունները՝ «արտաքին ուժերի կողմից կազմակերպված ու աջակցություն ստացած անջատողական խռովություն էին»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Չինաստանի դեսպան Դզյան Յան Յանը։ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ույգուրների ու չինացիների միջև բախումները չունեն ազգամիջյան կամ կրոնական բնույթ»,- ընդգծել է նա։

«Չինաստանում կան շուրջ 150 վարչական ինքնավարություններ, սակայն մշտապես խնդիրներ են ծագում միայն դրանցից 2-3-ում, իսկ հատկապես Սինցզյան-Ույգուրի շրջանում, Տիբեթում ու Թայվանում։ Արտասահմանյան ուժերի աջակցությամբ հենց այդ տարածքներում են բորբոքվում ՉԺՀ-ի անկախության խախտմանն ուղղված անջատողական տրամադրությունները»,- հայտարարել է Դզյան Յան Յանը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում (ՌՀԿ)։

Նշենք, որ իրենց աջակցությունն են հայտնել ույգուրների և ույգուրական շարժման նկատմամբ, ինչպես նաև ինքնավարությունում Չինաստանի իշխանությունների գործողությունների դատապարտմամբ են բազմիցս հանդես եկել Թուրքիայի բարձրաստիճան անձինք, այդ թվում՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։