Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվածների հարզատները բաց նամակ կհանձնեն Հայաստանում ԱՄՆ եւ Ֆրանսիայի լիազոր եւ արտակագր դեսպաններին: NEWS.am-ի հետ զրույցում կալանավորված  Էդուարդ Զեյթունյանի կինը նշեց, որ բաց նամակով դեսպաններին խնդրելու են ուշադրություն դարձնել դատական նիստերին, աջակցել  ճշմարտությունը բացահայտելու եւ իրենց հարազատներին ազատ արձակելու հարցում: Տիկին Լալայի խոսքով՝ փետրվարի 22-ին պատրաստվում են նաեւ բողոքի ակցիա իրականացնել ՀՀ կառավարության շենքի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատների դիմաց:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։