Բունդեսվերը զրահատեխնիկա է ուղարկում Լիտվա Ռուսաստանին զսպելու համար, հայտնում է Der Spiegel գերմանական պարբերականը։ Գերմանիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ առաջին 20 «Մարդեր» զրահատրասնպորտյորները արդեն ուղարկվել են Լիտվա։ Նախօրեին էլ «Լեոպարդ 2» վեց տանկեր էին ուղարկվել։ Ընդամենը հունվարի կեսերից մինչեւ հիմա Լիտվա է ուղարկվել 120 կոնտեյներ ու 200 զրահամեքենա։
Ընդհանուր առմամբ ծրագրվում է Լիտվա ուղարկել 450 գերմանացի զինծառայողների, որից 300-ը, ներկայացուցչի տվյալներով, արդեն տեղում են։ Մնացածն այս շաբաթ կժամանեն։
Բունդեսվերը Լիտվայում տեղակայելու է գումարտակ, որը նախատեսված է Ռուսաստանին զսպելու համար։ Լիտվան, ինչպես եւ Լեհաստանը ու երկու մյուս մերձբալթյան հանրապետությունները , զգում են սպառնալիք Ռուսաստանի կողմից։ Տաածաշրջանում իր ներկայությունն ավելացնելով՝ ՆԱՏՕ-ն արձագանքում է Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիային, որը լուրջ լարվածություն է առաջացրե լ Արեւմուտքի ու Մոսկվայի հարաբերություննեում։ Յուրաքանչյուր գումարտակ, որն ուղարկվում է Լիտվա, Էստոնիա, Լատվիա, ու Լեհաստան, հազարական զինծառայող կունենա։ ՆԱՏՕ-ի զինծառայողների այս տեղակայումը արեւելյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների խոշորագույն տեղակայումն է սառը պատերազմի ավարտից հետո։
Մինչդեռ Լիտվայում բունդեսվերի գործողությունը մի քանի օր առաջ հայտնվել էր թերթերի վերնագրերում՝ տեղաբնակ կանանցից մեկի բռնաբարության մասին կեղծ նորությունների պատճառով։ Լիտվայի ու Գերմանիայի իշխանությունների կարծիքով այդ լուրերը գերմանական զինվորների դեմ ապատեղեկատվական քարոզչության բաղադրիչներից են։ Դեռ հայտնի չէ, թե ով է կանգնած այդ ամենի ետեւում, բայց կասկածները նախեւառաջ ռուսական հատուկ ծառայությունների վրա են ընկել, գրում է Der Spiegel–ը։




























