Մարտակերտի շրջանի Ալաշան  գյուղում արդեն բնակվում է 37 թալիշցի ընտանիք: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ փետրվարի 23-ին, Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը նշեց, որ այժմ գյուղում ընթանում են 10 տնակների տեղադրման աշխատանքները, որպեսզի գարնանը նոր ընտանիքներ տեղափոխվեն գյուղ:

«Այժմ 8 դոմիկ տեղադրել ենք, երկուսն էլ կտեղադրենք, կլուծենք դրանց ջրամատակարարման եւ հոսանքի հարցը եւ երկու ամսից նոր ընտանիքներ կգան գյուղ»,-ասաց նա:

Վիլեն Պետրոսյանը նաեւ նշեց, որ փորձում են լուծել Ալաշանում բնակվող գյուղացիների աշխատանքի հարցը:

«Կարմիր խաչն էր օգնում, բայց շուտով ժամկետը կլրանա, դրա համար էլ այժմ փորձում ենք աշխատատեղեր ապահովել գյուղացիների համար: Չնայած տղամարդկանց մի մասը աշխատում է հարեւանությամբ գտնվող փայտածուխի գործարանում, մի մասը՝ Մատաղիսում զինվորականներ են, մենք էլ, քանի որ եղանակը տաքանում է, հողատարածքներ ենք ընտրում, որպեսզի կանայք, տղամարդիկ մշակեն, հողագործությամբ զբաղվեն»,-ասաց նա:

Վիլեն Սարգսյանը նաեւ նշեց, որ Ալաշանից Թալիշ գնացած 15 տղամարդ էլ այս պահին ներգրավված է գյուղի վերականգման աշխատանքներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2016թ. հուլիսի 25-ից Ալաշանում սկսվել է թալիշցիների բնակեցման գործընթացը: Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլին Թալիշ գյուղը դարձավ ադրբեջանական ագրեսիայի թիրախներից մեկը։ Գյուղի բնակիչները ստիպված էին լքել իրենց տները։ Երեք տարեց բնակիչներ ադրբեջանցի բարբարոսների զոհն են դարձել։