Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին հիշեցրել է երկու երկրների միջեւ լավ հարաբերությունները պահպանելու կարեւորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Միշտ վատ է թեկուզ փոքր անվստահություն արտահայտել բարեկամական երկրի նկատմամբ։ Ես ինքս երբեք ինձ թույլ չեմ տալիս նման արտահայտություններ բարեկամական երկրների նկատմամբ ու խնդրում եմ ԱՄՆ նախագահին նման բան չանել Ֆրանսիայի նկատմամբ»,- ասել է Օլանդը։
Associated Press-ը ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփն իր ելույթի ժամանակ պատմել է իր «շատ, շատ կարեւոր» ընկեր Ջիմի մասին, որն արդեն հինգ տարի է Փարիզ չի մեկնում, քանի որ «Փարիզն այլեւս այն Փարիզը չէ»։ Փետրվարի սկզբին Լուվրի մոտ ռազմական պարեկախմբի վրա կատարված հարձակումից հետո Թրամփն ասել էր, որ այդ ահաբեկչությունը պետք է նախազգուշացում դառնա ԱՄՆ-ի համար։ «Ֆրանսիան նորից վտանգի շեմին է։ Ամերիկա, կարգավորիր իրավիճակը»,- գրել էր այն ժամանակ Թրամփը իր Twitter միկրոբլոգում։




























