Ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ Հայաստանի էլեկտրական ցանցերի համատեղ նախաձեռնությամբ՝ էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի  հաշվարկային նորագույն սարքեր կտեղադրվեն Կոմիտեի ենթակայության տակ  գտնվող շուրջ 954 կետերում:

ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ՝ ոչ միայն հնարավոր կլինի արխիվավորել հաշվիչ սարքերից ստացված տվյալները, այլեւ հետեւել դրանց՝ առցանց ռեժիմով:

Ստացված տեղեկությունները թույլ կտան վերահսկել էլեկտրաէներգիայի  հոսքերը՝ կամայական ժամանակահատվածի հաշվարկով, կանխատեսել հնարավոր  ծախսերն ու վեր հանել համակարգի խոցելի կողմերը: Այսպիսով  էլեկտրաէներգիայի կորուստները կդառնան ոչ միայն տեսանելի եւ չափելի, այլեւ՝ վերահսկելի:

Գործընթացի առաջին փուլում, որն, ի դեպ, արդեն մեկնարկել է, նախատեսվում  է 650 հաշվիչ սարքերի տեղադրում: Չնայած եղանակային պայմաններին՝ 7  սարքավորում արդեն իսկ տեղադրվել է: Կարճ ժամանակահատվածում ՋՏՊԿ եւ ՀԷՑ  մասնագետները համատեղ աշխատանք կիրականացնեն՝ առաջնային կարեւորության  ենթակայաններում սարքերի տեղադրման ուղղությամբ:

Նշվում է, որ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման եւ ծախսի  արդյունավետության բարձրացման արդյունքում հնարավոր կլինի շուրջ 10 մլն  դրամի խնայողություն անել: