Նոր Հաճընի կամուրջը կլուսավորի «Philips» ընկերության արտադրած ժամանակակից, էներգախնայող բարձրակարգ լամպերով: Այս առնչությամբ, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ «Philips Lighting» ընկերության Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ «Կոնսել» ընկերության միջեւ ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դա կարվի «Կոնսել» ընկերությունը սեփական միջոցներով:
«Կոնսել» ընկերության տեսանկյունից սա մարքեթինգային քայլ է, իսկ մեզ համար հնարավորություն՝ կամրջային բարդ ենթակառուցվածքն անվճար կահավորելու բարձրակարգ լուսատուներով»,-նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը:
«Կոնսել» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Փափազյանը տեղեկացրեց, որ լուսատուները «Philips» ընկերության վերջին արտադրանքներից են, եւ սա ընկերության կողմից իր նոր արտադրանքը հայ հանրությանը ներկայացնելու միջոց է։
Ժամանակակից, էներգախնայող բարձրակարգ լամպերով Նոր Հաճընի կամուրջը սեփական միջոցներով լուսավորելու ծրագիրը նախարար Վահան Մարտիրոսյանին էր ներկայացվել մոտ մեկ ամիս առաջ՝ «Philips Lighting» ընկերության պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում։




























