Ամերիկայի Հայ դատի (ANCA) ներկայացուցիչներն ավարտել են Պետքարտուղարության ներկայացուցիչների եւ Կոնգրեսի անդամների հետ երկօրյա քաղաքական խորհրդակցությունները:

Հայ դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանի գլխավորած պատվիրակության կազմում են եղել նաեւ Սթիվ Մեսրոպյանը, Նորա Հովսեփյանը, Քեն Հաչիկյանը, այլ գործիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին, Արցախի անվտանգությանն ու ազատությանը, Հայոց ցեղասպանության հարցում արդար մոտեցմանը, ինչպես նաեւ մերձավորարեւելյան քրիստոնյա համայնքների աջակցությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր:

ANCA-ի ներկայացուցիչները պատմել են նաեւ «Խոստում» ֆիլմի մասին, որը մեծ էկրան կբարձրանա ապրիլի 21-ին:

Նրանք նաեւ պաշտոնական ընթրիք են կազմակերպել «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության ղեկավարության եւ աշխատակիցների համար, որի ընթացքում քննարկել են Մերձավոր Արեւելքում քրիստոնյա եւ այլ փոքրամասնությունների նկատմամբ բռնությունների խնդրի լուծմանն ուղղված ջանքերի ընդլայնման հարցը: