Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Կոսովոյի իշխանություններին հիշեցրել է Սերբիայի եւ Չեռնոգորիայի հետ համաձայնությունների իրականացման անհրաժեշտության մասին՝ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Կոսովոյում նա հանդիպել է նախագահ Հաշիմ Տաչիի, խորհրդարանի խոսնակ Քադրի Վեսելիի եւ վարչապետ Իսա Մուսթաֆայի հետ:
«Կոսովոն առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, ժամանակն է հաստատել համաձայնությունները, որոնց արդյունքում կսկսվի վիզայի ազատականացման գործընթացը: Խորհրդարանականներից միասնականություն ենք ակնկալում, երկխոսությունն այլընտրանք չունի»,- ասել է Մոգերինին:
Ի պատասխան՝ Կոսովոյի վարչապետը նշել է, որ «Սերբական ցուցակ» փոքրամասնությունների կուսակցության պատգամավորները բոյկոտում են խորհրդարանի նիստերը, ինչի արդյունքում հնարավոր չէ վավերացնել Չեռնոգորիայի հետ պետական սահմանագծի սահմանման մասին համաձայնագիրը:
Կոսովոյի խորհրդարանը մեկուկես տարի ապարդյուն քննարկում է Չեռնոգորիայի հետ պետական սահմանագծի հաստատման հարցը:
Փաստաթուղթը ստորագրվել է դեռեւս 2015 թվականի ամռանը, գործող նախագահ Հաշիմ Տաչիի կողմից, որն այն ժամանակ Կոսովոյի ԱԳ նախարարն էր: Չեռնոգորիայի կողմից այն ստորագրել է ԱԳ նախարար Իգոր Լուկշիչը:



























