Վրաստանում բացվել է նավային կոնտեյներներից կառուցված առաջին հյուրանոցը՝ Quadrum բուտիկ հյուրանցը սկսել է աշխատել ամենահայտնի լեռնադահուկային Գուդաուրի հանգստավայրում: Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Այս անսովոր դիզայներական լուծման հեղինակը ճարտարապետներ Սանդրո Ռամիշվիլին եւ Իրակի Էրիստավին են:

Բրգաձեւ կառուցված շենքը կատարված է մինիմալիստական ոճով: Նախագծողների խոսքով՝ գաղափարը թելադրել է տեղական լանդշաֆտը:

Ճարտարապետների նախագծի փիլիսոփայությունն ամփոփված է շրջակա միջավայրի պաշտպանության մեջ, ինչպես նաեւ կոնտեյներների կրկնակի օգտագործման: Շինարարության ժամանակ բնական լանդշաֆտը ոչ միայն չի տուժել, այլեւ օգտագործվել են շրջակա միջավայրի համար էկոլոգիապես անվտանգ նյութեր:

Հյուրանոցը գտնվում է ծովի մակարդակից 2200 մետր բարձրության վրա: Quadrum-ի պատշգամբից Կովկասյան լեռների գրավիչ համայնապատկեր է բացվում:

Հյուրանոցում կան ինչպես ստանդարտ՝ մեկ եւ երկու սենյականոց համարներ, այնպես էլ՝ լյուքս եւ ավելի մեծ ընկերախմբի համար կից սենյակներով ավելի մեծ համարներ: 2018 թվականի սեզոնին հյուրանոցի տերերը խոստացել են յոգայով զբաղվելու դահլիճներ եւ ջրավազան կառուցել:

Գուդաուրին Վրաստանի ամնեահագեցած եւ զարգացած ձմեռային հանգստավայրն է: Այն հանրաճանաչ է արտասահմանյան զբոսաշրջիկների եւ ձմեռային հանգստի սիրահար տեղացիների շրջանում: Հանգստավայրը գտնվում է Թբիլիսիից 120 կմ հեռավորությամբ: Գուդաուրիում դահուկասահքի սեզոնը սկսվում է դեկտեմբերին եւ տեւում մինչեւ ապրիլ, ձմռանը ձյան ծածկույթը հասնում է 1,5 մետրի: