Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի՝ Թուրքիայի հետ լոբբիստական կապերը հաստատում են պաշտոնից ազատվելու մասին նրա որոշման իրավացիությունը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
Ֆլինը պաշտոնից հեռացավ այն բանից հետո, երբ մամուլում ենթադրություններ հայտնվեցին, որ գեներալն ապատեղեկատվություն է տրամադրել Փենսին ու վարչակազմի մյուս ներկայացուցիչներին ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ շփումների մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագահի նախկին խորհրդականը ԱՄՆ արդարադատության նախարարությունում գրանցվել է որպես Թուրքիայի շահերի պաշտպան: Ընդ որում, հայտնի է դարձել, որ նա այդ գործով զբաղվել է անցյալ տարվա նոյեմբերի ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ: Հայտնի է, որ Ֆլինի ընկերությունը դրա համար շուրջ 500 հազար դոլար է ստացել:




























