Աշխարհում քիչ են այնպիսի երկրները, որոնք այնքան բազմաթիվ թելերով են կապված, որքան Հայաստանը եւ Լիբանանը: Այս մասին ասված է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից Լիբանանի արտաքին գործերի եւ էմիգրանտների նախարար Ջբրան Բասիլին ուղղված ուղերձում:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Լիբանանի արտաքին գործերի եւ էմիգրանտների նախարար Ջբրան Բասիլը ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության եւ Լիբանանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ աշխարհում քիչ են այնպիսի երկրները, որոնք այնքան բազմաթիվ թելերով են կապված, որքան Հայաստանը եւ Լիբանանը: Մեր բարեկամությունը խարսխված է պատմական խոր առնչությունների, մշակութային հինավուրց կապերի եւ այն ջերմության վրա, որ երկու ժողովուրդներն ավանդաբար տածում են միմյանց հանդեպ: Նախարար Նալբանդյանն ընդգծում է, որ լիբանանահայ հոծ համայնքը այդ կապերի ամրապնդման եւ դինամիկ զարգացման կարեւորագույն գրավականներից մեկն է:

Հայաստանի արտգործնախարարը շեշտում է, որ այս ամուր հիմքերի վրա քառորդ դար առաջ ձեւավորվեցին եւ զարգացան մեր երկրների միջպետական հարաբերությունները, որոնք առանձնանում են փոխվստահությամբ ու միմյանց նկատմամբ խոր հարգանքով: Նախարար Նալբանդյանը հավելում է, որ այսօր, հավանաբար, չկա այնպիսի ոլորտ, որը ներառված չլինի հայ-լիբանանյան համագործակցության լայն դաշտում:

Մեծապես կարեւորելով մեր երկրների միջեւ ձեւավորված ավանդական ջերմ հարաբերությունները՝ Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնում, որ համատեղ ուժերով կկարողանանք նպաստել բազմաշերտ փոխգործակցության առավել սերտացմանը եւ խորացմանը:

Ջբրան Բասիլն իր ուղերձում նշում է, որ անցած քսանհինգ տարիներին, չնայած համաշխարհային քաղաքականությունն ականատես եղավ բազմաթիվ փոփոխությունների, Լիբանանի եւ Հայաստանի բարեկամական համագործակցային հարաբերություններն առավել ամրապնդվեցին եւ սերտացան՝ մեր երկրների կենսական շահերին առնչվող խնդիրների շուրջ փոխադարձ աջակցությամբ եւ տարբեր ոլորտներում սերտ համագործակցության ակտիվացմամբ։ Նախարար Բասիլն ընդգծում է, որ մեր երկու երկրների հարաբերությունները պահպանում են համապարփակ զարգացման դրական ընթացքը, որով լիբանանյան կողմը միանգամայն բավարարված է։

Լիբանանի արտգործնախարարը շեշտում է, որ 2017 թվականը ոչ միայն հնարավորություն է՝ տոնելու այս կարեւոր հանգրվանը եւ մեր ձեռքբերումները, այլեւ լավ առիթ է՝ ուրվագծելու եւ առավել խթանելու մեր երկկողմ հարաբերությունները եւ համագործակցությունը։

Նախարար Բասիլն իր ուղերձում վերահաստատում է Հայաստանի հետ հարաբերություններն ավելի ու ավելի ամրապնդելու Լիբանանի կառավարության հանձնառությունը։