Հայաստանի մարզերում մարդկանց շրջանում զգուշություն կա ընդդիմության քարոզարշավներին մասնակցության առումով։ Այս մասին այսօր՝ մարտի 13–ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, պատգամավոր Արամ Մանուկյանը։

«Մարդկանց սպառնալիքներ են ներկայացնում՝ աշխատանքից կազատենք, տարբեր սպառնալիքներ կան, ինչի պատճառով էլ շրջաններում իսկապես զգուշություն կա։ Երեկ երեք հանդիպում ենք ունեցել Արարատի մարզում, օրինակ, Ջրաշենում, երբ տեսան, որ լրագրողներ չկան, ավելի շատ մարդ եկավ մեր քարոզարշավին, քան Արտաշատում, որտեղ շատ նկարահանումներ կային, եւ ժողովուրդը վախենում էր մասնակցել»,–ասել է Արամ Մանուկյանը։

Ըստ ՀԱԿ ներկայացուցչի՝ ժողովրդին վախի մթնոլորտում է պահում իշխանությունը։

«Սպառնում է իշխանությունը, անվտանգության ծառայությունները, ոստիկանները, թաղի քյոխվեքը, համայնքային ղեկավարները, ովքեր չեն ուզում, որ ընդդիմությունը մարդ հավաքի, կամ զոռբա թեկնածուները, որոնք ունեն վախեցնելու հնարավարություն, բայց ոչ ասելիք, ոչ ծրագիր ունեն»,–նշել է պատգամավորը։

Նրա հավաստմամբ՝ իրենց քարոզած խաղաղության ծրագիրը հաջողվում է տարածել.

«Խաղաղության մեր ծրագիրը դանդաղ, բայց տարածվում է, մարդիկ  համաձայն են, բայց բոլորը զգուշավոր են այդ գաղափարի շուրջ արտահայտվում»։