Երեւանում այսօր՝ մարտի 14-ին, մեկնարկել է հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 8-րդ նիստը՝ երկու երկրների համանախագահների՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի եւ Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Չարիմիրատ Պուրչեկովի նախագահությամբ։ 

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկօրյա նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ երկու երկրների նախարարությունների ու գերատեսչությունների պաշտոնատար անձինք:

Բացելով նիստը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կարեւորեց հայ-թուրքմենական առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման եւ ընդլայնման անհրաժեշտությունը. «Հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական  համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստը եւս մեկ անգամ հաստատում է կողմերի  ցանկությունը՝ հետագայում  եւս խորացնել հարաբերությունները մեր  պետությունների միջեւ: Մենք մտադիր ենք իրագործել ոչ միայն նախատեսված ծրագրերը, այլեւ քննարկել  համագործակցության հեռանկարային նախագծեր: Վստահ եմ, որ մեզ կհաջողվի ողջ ծավալով  օգտագործել առկա տնտեսական ներուժը՝ ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների»:

Հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգում ընդգրկված են տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր: Կքննարկվեն Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների, իրավապայմանագրային դաշտի զարգացման, վառելիքաէներգետիկ համալիրի, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության, մշակութային-հումանիտար բնագավառներում համագործակցության հարցեր: Անդրադարձ կկատարվի նախորդ նիստում նախատեսված ծրագրերի իրականացմանը, կներկայացվի կատարված աշխատանքների ընթացքը։

Ավարտին կստորագրվի Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը: