ԵՄ-ն այսուհետ էլ կհետեւի միգրացիայի մասին Թուրքիայի հետ կնքնված համաձայնագրին, հայտնում է Ռոյթեր գործակալությունը՝ վկայակոչելով ԵՀ ներկայացուցչին։
ԵՄ անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարները 2016-ի մարտի կեսերին Թուրքիայի հետ համաձայնեցրել են միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ ծրագիր։ Այն մասնավորապես նախատեսում է Թուրքիա վերադարձնել բոլոր այն անլեգալներին, որոնք Հունաստան են ժամանում թուրքական տարածքից, փոխարենը ԵՄ-ն Թուրքիայից ընդունում է միգրանտ սիրիացիներին՝ «մեկը մեկի դիմաց»սկզբունքով։ Դրա դիմաց ԵՀ-ն մայիսին առաջարկել էր վերացնել վիզային սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչեւ հունիսի վերջ կատարի վիզաների չեղարկման համար բոլոր պայմանները։ Իր հերթին Թուրքիայի նախագահ Էրդողանը ԵՄ-ին սպառնացել է դուրս գալ միգրացիոն համաձայնագրից, եթե ԵՄ-ն իր երկրի քաղաքացիներին անվիզա ռեժիմ չտրամադրի։
Ավելի վաղ Թուրքիայի ԵՄ գործերով նախարար Օմեր Չելիկը հայտնել էր, որ Անկարան այլեւս պատճառ չի տեսնում ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագրին հետեւելու համար։ Անցած շաբաթ այդ համաձայնագրի չեղարկման հնարավորության մասին հայտնել էր նաեւ արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն։




























