ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի հարցում քննարկում է բոլոր տարբերակները, այդ թվում՝ ուժային գործադրելու միջոցառումները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ Սեուլ այցի ժամանակ, հաղորդում է BBC-ն։

«Իհարկե, մենք չենք ցանկանում գործը հասցնել ռազմական հակամարտության։ Բայց ակնհայտ է, որ եթե Հյուսիսային Կորեան գործողություններ ձեռնարկի, որոնք  կսպառնան հարավկորեական կամ մեր զորքերին, ապա պատասխանն ադեկվատ կլինի։ Եթե զինման նրա ծրագիրը հասնի այնքան սպառնալից մակարդակի, որը մեզանից ռազմական գործողություններ կպահանջի, ապա մենք ունենք նաեւ այդ տարբերակը», - հայտարարել է պետքարտուղարը։

Թիլերսոնը նաեւ Չինաստանին առաջարկել է Փհենյանի դեմ պատժամիջոցներ սահմանել եւ չինական իշխանություններին կոչ արել պատասխան միջոցներ չձեռնարկել՝ Հարավային Կորեայում  հակահրթիռային THAAD համակարգ տեղակայելու հետ կապված։