Դիլիջանի քաղաքապետարանի և Դիլիջանի համայնքային կենտրոնի հրավերով մարտի 18-ին, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովն այցելեց Դիլիջան,որը 2016 թվականին միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ուսումնառող  քաղաքների համաշխարհային ցանցին:

Դիլիջանի քաղաքապետարանում տեղի ունեցավ կլոր սեղան, որի ընթացքում  ներկայացվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հայաստանի համար նախատեսված ծրագրերը: Կլոր սեղանին մասնակցում էին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը, Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը, Հայաստանում Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանցի անդամ քաղաքների ներկայացուցիչներ և Դիլիջանի կրթական հաստատությունների տնօրեններ:

«Քաղաքապետարանն ուրախությամբ աջակցեց Դիլիջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանցին միացնելու Դիլիջանի համայնքային կենտրոնի նախաձեռնությանը, - բացելով քննարկումը՝ հայտարարեց Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը:

Դիլիջանում 27 հազար բնակչին բաժին է ընկնում 36 ուսումնական հաստատություն․ վերջին տարիներին UWC Դիլիջանի, Հայաստանի կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Այբ դպրոցի, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Դիլիջանի համայնքային կենտրոնի պես միջազգային հաստատությունների հիմնադրումը թույլ է տալիս Դիլիջանն իրապես համարել քաղաք, որը խթանում է ցկյանս ուսումնառությունը»:

Իր ելույթում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը պատմեց միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ Հայաստանի փոխգործողության փորձի մասին:

«Հայաստանում արդեն վեց քաղաքներ` Սևանը, Սիսիանը, Դիլիջանը, Գյումրին, Աբովյանը և Էջմիածինը միացել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանցին»,- տեղեկացրեց Հովակիմյանը և կոչ արեց հայկական մյուս քաղաքներին ևս անդամակցության հայտ ներկայացնել, ինչպես նաև սերտորեն համագործակցել Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ:

Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը ներկայացրեց Հայաստանի համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերը: Նա նշեց, որ Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանցին միանալն ապացուցում է քաղաքային իշխանությունների մտադրությունների լրջությունը կրթության զարգացմանը և ցկյանս ուսումնառության գաղափարների խթանման վերաբերյալ: Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանցին միանալը չի տալիս ո'չ կարգավիճակ, ո'չ ֆինանսավորում, բայց տալիս է փորձի փոխանակման, գիտելիքների, միջազգային մակարդակի խնդիրների լուծման մոտեցումների, ինչպես նաև՝ քո քաղաքը կրթական հարթակներով առաջ մղելու հնարավորություն», - ավելացրեց Կաժոյանը: Նա կոչ արեց Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանցի հայկական անդամ- քաղաքներին առաջադրվել առաջիկա «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսումնառվող քաղաք» մրցանակին: Բացի այդ, Կաժոյանը նաև ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեկ այլ նախաձեռնություն՝ «Ստեղծագործ քաղաքների համաշխարհային ցանցը»:

Ամփոփելով քննարկումը՝ Դիլիջանի համայնքային կենտրոնի ծրագրային տնօրեն Ռուբինա Տեր-Մարտիրոսյանն առաջարկեց ստեղծել փորձի փոխանակման հարթակ Հայաստանի քաղաքների և Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանցի անդամների միջև, ուր հնարավոր կլինի քննարկել ընդհանուր խնդիրները միջազգային առավել բարձր մակարդակով:

Մտահղացումն արժանացավ հավանության Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից:

Պատվիրակությունն իր Դիլիջան այցելության շրջանակներում այցելեց նաև Դիլիջանի համայնքային կենտրոն և UWC Դիլիջան միջազգային քոլեջ: