ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է KFW  բանկի համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Մարիոն Քնիշի գլխավորած  պատվիրակությանը, որի հետ քննարկել է ոռոգման համակարգի արդիականացման խնդիրները:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաեւ բանկի գլխավոր ինժեներ Թոմաս Վոլֆը, KFW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի  Առաքելյանը բարձր է գնահատել Հայաստանում KFW բանկի ծավալած գործունեությունը եւ օժանդակության ծրագրերի իրականացումը տարբեր ոլորտներում: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես  ոռոգման համակարգի  արդիականացման ու կատարելագործման ծրագրերի շրջանակում:

Անդրադարձ է կատարվել նաեւ Կապսի ջրամբարի վերակառուցման ծրագրի  իրականացմանը, որի շահագործումը հնարավորություն կտա ավելացնել ոռոգելի հողատարածքները:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաեւ  երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ: