Վերսկսվում է «Հյուսիս-հարավ» ծրագրի Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, նշվել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Էրլունի եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության աշխատանքային բազա այցելության ժամանակ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այստեղ նախարարը եւ դեսպանը հանդիպում ունեցան ընկերության ղեկավար Վեն Սիաոյի հետ:

«Սինոհիդրո Քորփորեյշն»-ը իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները: Հիմնանորոգման ընթացքում նախատեսվում է ճանապարհի արդիականացում եւ լայնացում` երկու գոտի եւ մեկ երթեւեկելի ուղի ունեցող ճանապարհը կունենա չորս գոտի եւ երկու երթեւեկելի ուղի:

Կապալառու ընկերության ղեկավարը նախարարին ներկայացրեց եղանակի բարելավման հետ վերսկսվող շինարարական աշխատանքների պլանը, առանձնացրեց այն խնդիրները, որոնք անհրաժեշտ է շտկել շինարարության մեկնարկից առաջ:

Քննարկվեցին հողահատկացումներին, բետոնափռման, շինարարական աշխատանքներին, որակի վերահսկողության մեխանիզմներին վերաբերող հարցեր: Նախարարը նշեց, որ ցանկացած տիպի խնդիր առաջանալու դեպքում կարող են ամենօրյա քննարկումներ ունենալ նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ եւ համատեղ լուծումներ գտնել:

Նախարարը կարեւորեց բարձր որակով ճանապարհի կառուցումը եւ հույս հայտնեց, որ ընկերությունը հետ չի մնա պայմանագրով սահմանված ժամկետներից:

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյանն «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ղեկավարությանը առաջարկեց մինչեւ մարտի ավարտը ներկայացնել առաջիկա գործողությունների ամփոփ ծրագիրը: