«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքների խախտում արձանագրելուց հետո նրա առողջական վիճակի դինամիկան ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները պարբերաբար, այդ թվում՝ բժիշկը, այցելել են Վահան Շիրխանյանին, առանձնազրույցներ ունեցել նրա հետ, ուսումնասիրել նրա իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաեւ նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կատարված ուսումնասիրությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն` հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպու համար Վ. Շիրխանյանին ցուցված մի շարք հետազոտություններ:
Ավելի վաղ Արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ Եվրոպական դատարանը որոշել է մերժել դիմումատու, ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ կալանավորված անձ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած դիմումը:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը ձերբակալվել է 2015թ.-ի դեկտեմբերի 21-ին Նորք-Մարաշում զինված խմբավորման վնասազերծման գործի շրջանակում: Նա մեղադրվում է խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի հետ համագործակցության մեջ: 2016-ի սեպտեմբերին քննչական մարմինը Վահան Շիրխանյանին նոր մեղադրանք առաջադրեց՝ իշխանության գրավման նախապատրաստում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարությանը հարցեր էր ուղղել՝ կապված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջության հետ:




























