Հայաստանի երիտասարդները պետք է անպայման մասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որ իրենց ձայնը վերջապես լսելի լինի: Մարտի 31-ին Երեւանում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ամերիկացի ռոք կատարող, System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը (ֆոտոռեպորտաժ):
«Ցանկանում եմ երիտասարդներին դիմել` խնդրում եմ, ընտրություններին մասնակցեք, մի արհամարհեք այն: Սա ձեր միակ հնարավորությունն է այնպես անել, որ ձեր ձայնը լսելի լինի, անկախ կոռուպցիայից, անկախ մյուս սահմանափակումներից` դուք դա կարող եք անել»,- ասաց երգիչը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի ընտրություններին մասնակցող ոչ մի կուսակցության չի աջակցում, սակայն իրեն տհաճ է, որ «խաղը միայն մեկ կուսակցություն է ղեկավարում»:
«Ում օգտին էլ քվեարկելու լինեք, մենք ձեզ աջակցում ենք: Եթե չգիտեք, թե ում օգտին արժե քվեարկել, քվեարկեք նրա օգտին, ում իդեալները եւ մտադրությունները, ձեր կարծքով, ճիշտ են, նույնիսկ եթե ձեզ թվում է, որ նա 5 կամ 7 տոկոս չի ստանա»,- ասաց Սերժ Թանկյանը` դիմելով հայ երիտասարդությանը:
Հիշեցնենք, որ հայկական սփյուռքի մի շարք հայտնի ներկայացուցիչներ 2016 թվականի սեպտեմբերին «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունն են ստեղծել, որի նպատակն է աջակցել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին: Նախաձեռնության շրջանակներում սփյուռքի գործիչները, այդ թվում` Սերժ Թանկյանը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը եւ շատերը ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ժամանել են Հայաստան:
.jpg)




























