Հին ու հպարտ հայ ժողովուրդն ուժեղ ոսկորներ ունի, սակայն այդ ոսկորները պետք է պահեն ամուր մկանները, որոնք պետք է մարզել։ Ժողովրդավարությունը մկաններն են։ Այս մասին մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է կանադահայ հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ով Հայաստան է ժամանել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։
Նրա խոսքով՝ ժամանակակից հասարակությունում ժողովրդավարության դերը չի կարելի թերագնահատել, չէ որ հենց ժողովրդավարությունն է մարդկանց ինքնաարտահայտվելու հնարավորություն տալիս։ Իսկ առանց ժողովրդավարության, ռեժիսորի խոսքով, երկիրը բռնապետության իշխանության ներքո կլինի։
Մեջբերելով հայտնի փիլիսոփային՝ Ատոմ Էգոյանը նշել է, որ բռնապետությունից ազատվելու համար, նախ պետք է ազատվել ինքդ քո ներսում գտնվող բռնապետությունից։ Առաջիկա ընտրություններին չմասնակցելու որոշումը հենց այդ «ներքին բռնապետության» վառ օրինակ է։
«Մենք այստեղ ենք կիրակի օրը ձեր ձայները պաշտպանելու համար։ Մենք այստեղ ենք հանուն ապագայի։ Մենք այստեղ ենք հանուն այն ժամանակի, երբ երիտասարդ առաջնորդները Հայաստանում ժողովրդավարական համակարգ կհաստատեն։ Պետք է զարգացնել ուժեղ ժողովրդավարական մկաններ։ Մենք չպետք է բռնապետության, ինքնաբռնապետության եւ ապատիայի զոհեր դառնանք։ Մենք այստեղ ենք, որ կայուն ու բարգավաճ ապագայի սկզբի վկաները դառնանք», - ասել է Ատոմ Էգոյանը։
Հիշեցնենք, որ մի շարք արտիստներ, որոնց թվում բացի Սերժ Թանկյանից նաեւ ռեժիսոր Ատոմ Էգոյանն ու դերասանուհի Արսինե Խանջյանն են, Հայաստան են ժամանել՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություների ժամանակ դիտորդական առաքելություն կատարելու նպատակով՝ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության շրջանակներում։




























