Քուչակ գյուղում «Ծառուկյան» դաշինքի շտաբի դանակահարված պետն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը: Նա նշեց, որ Արամ Ասատրյանն արդեն լավ է եւ հնարավոր է՝ ապրիլի 2-ին դուրս գրվի՝ ընտրություններին իր՝ շտաբի պետի պարտականությունները կատարելու համար:
Նշենք, որ Արամ Ասատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 20-ին՝ գոտկային շրջանում ծակած վերքով:
Ավելի վաղ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ մարտի 19-ին, ժամը 23:30-ին, «Ապարանի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել Արամ Ասատրյանն ու Մանուկ Հովսեփյանը:
Նրանք վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից ստացել են կտրած-ծակած վերքեր: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:



























