Հայաստանը հավասարվել է Վրաստանին մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրած երկրների շարքում, գրում է «Վեստնիկ ԱՏՕՐ»-ը։

ԱԼԵԱՆ ազգային տուրօպերատորի տնօրեն Դմիտրի Պոպովի խոսքով այս տարի մայիսյան տոներին ամենաշատ պահանջված ուղղությունը Հայաստանն է։ «Հիմնականում դրանք արդեն ձեւավորված խմբեր են։ Իսկ Վրաստան գերազանցաբար մեկնում են հավաքական խմբեր»,- ասում է Պոպովը։

«Անցած տարի ամենաշատ հետաքրքրությունը Վրաստանն էր առաջացնում, իսկ այս տարի երկու երկրների նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունը հավասար է։ Սակայն Հայաստանի կողմից ռուս զբոսաշրջիկների համար ընդունված նորամուծության՝ ՌԴ անձնագրերով մուտքի հնարավորության կապակցությամբ մենք ակնկալում ենք, որ ցուցանիշները հօգուտ Հայաստանի կփոխվեն»,- ասել է Դմիտրի Շարովը, «Մուլտիտուր»-ի գլխավոր տնօրենը։

«Այդ ուղղություններով պահանջարկը փոքր է, բայց կայուն։ Մայիսյան տոների ժամանակաշրջանում գերակայում են 2-10 մարդուց բաղկացած խմբերի համար հարցումները՝ անհատական տուրերի համար, նաեւ հյուրանոցների ամրագրումը Թբիլիսիում ու Երեւանում»,- նշում է «Մուլտիտուր»-ի թոփ մենեջեր ։ Նրա խոսքով, երկու երկրներում էքսկուրսիոն տուրերն ունեն օղակային ու շառավղային համակարգ՝ այսինքն առաջին դեպքում զբոսաշրջիկը իր երթուղու ընթացքում ապրում է տարբեր հյուրանոցներում ու հանգստի տներում, իս կ երկրորդ տարբերակում՝ զբոսաշրջիկը մշտապես նույն վայրում է բնակվում ու այնտեղից մեկնում մոտ ու հեռու տարածություններ՝ ոչ ավելի, քան 300 կմ։

«Մայիսյան տոներին դեպի Վրաստան ու Հայաստան տուրերի պահանջարկն ավելի բարձր է,  քան անցած տարի։ Հետաքրքրվում են 5-6 օրվա տուրերով, քանի որ շատերը հանգստյան օրեր են վերցնում աշխատանքից ու միացնում դրանք մայիսյան արձակուրդներին։ Հայաստան ավելի ակտիվ են մեկնում, նաեւ որովհետեւ երկիր հնարավոր է մտնել ռուսական անձնագրերով»,- նշել են ICS Travel Group տուրօպերատորի մամուլի ծառայությունից։