Ստեփանակերտից ոչ հեռու՝ կիրճի խորքում, թաքնված է Արցախի գեղեցկագույն վայրերից մեկը: Պաշտոնական անվանումն է՝ պետական բնապատմական արգելոց Հունոտի կիրճ, իսկ ժողովրդի մեջ տեղանքը կոչվում է «զոնտիկներ» (ֆոտոռեպորտաժ):

«Զոնտիկներ» հասնելու համար հարկավոր է մեքենայով մինչեւ կիրճի եզրը հասնել, այնուհետեւ հաղթահարել գրավիչ, բայց դժվարին ոտքի ճամփան: Ճամփորդների հարմարության համար երթուղին նշված է «ոտնահետքերով»: Նեղ արահետն անցնում է քարե աստիճանահարթակներով, հետո ծառերի միջով եւ անդունդի եզրով ձգվող նեղ ճանապարհով: Կիրճի խորքից հիասքանչ տեսարան է բացվում դեպի 250 մետրանոց ժայռերը եւ Շուշիի բերդի պատերը: Իսկ կիրճի հատակին գետն է...

Իջնելով կիրճ՝ հայտնվում եք հին կամրջի կողքին, իսկ մոտակայքում երեւում են հին հայկական գյուղի ավերակները: Ցուցանակի համաձայն՝ սա Արցախի ավելի քան 100 կամուրջներից մեկն է: Քարքարի գետի վրա Հունոտի կամարաձեւ կամուրջը կառուցվել է 1720 թվականին: Տեսքից երերուն կամուրջը բավական ամուր է՝ չնայած տարիքին: Ժամանակին կամուրջը կարեւոր ռազմավարական նշաբակություն է ունեցել եւ Շուշին կապել է Մխիթարաշեն գյուղի ու Հարավային Արցախի հետ: Հունոտ գյուղը հիմնվել է 18-րդ դարում: 19-րդ դարավերջի տվյալներով՝ գյուղում 130 մարդ է բնակվել: Խորհրդային տարիներին Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում գյուղիները լքել են տներն ու բնակություն հաստատել հարեւան բնակավայրերում:

Հիմա պահպանվել են բնակելի մի քանի տների ավերակները, կամուրջը, գյուղական գերեզմանատունն ու ալրաղացը: Մայրաքաղաքին մոտ լինելու շնորհիվ սա հանգստի ճանաչված վայր է: Այստեղ տաղավարներ կան, կարելի է խորոված անել ու ժամանակ անցկացնել:

Բայց ամենահետաքրքիրն առջեւում է: Հաղթահարելով ճանապարհի կեսը, ցատկոտելով գետի քարերի վրայով՝ կհայտնվեք ոչ մեծ, բայց տեսքից չափազանց վտանգավոր կամրջի վրա. այն կազմված է երկու՝ բավական սայթաքուն գերաններից: Հաղթահարելով այս խոչընդոտը՝ հետաքրքրասեր ճամփորդը հայտնվում է «զոնտիկների» հարեւանությամբ: Տեսարանի տպավորությունն ակնթարթորեն մոռացնել է տալիս ե՛ւ վտանգավոր կամրջի, ե՛ւ կիրճ իջնելու բարդությունների մասին:

«Զոնտիկները» դեպի դուրս ցցված քիվերով մի քանի քարանձավներ են՝ ժամանակի եւ խոնավության հետեւանքով մամռակալած: Ժայռից դուրս ելնող ջուրն ինքնատիպ ջրվեժ է գոյացնում, եւ չոր վիճակում քարանձավ թափանցելը գրեթե անհնար է: Ամբողջական տեսարանն անձրեւի տակ հայտնված անձրեւանոց է հիշեցնում: Ջրի կաթիլներն ու շիթերը քերծերի վրայով ցած են հոսում: Գեղեցիկ տեսարան կարող եք վայելել՝ համարձակվելով հաղթահարել երկրորդ փայտե կամուրջը եւ հայտնվելով գետի մյուս ափին: Հիանալով եւ փոքր-ինչ չորանալով՝ կարելի է արդեն հետդարձի ճամփան բռնել: