Հայաստանում շատ բան է արվել ամբողջ ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար։ Այս մասին ապրիլի 1-ին լրագրողների հետ զրույցում ասել է Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի (ՄԽԱ) դիտորդների խմբի համակարգող Բոլեսլավ Պիրշտուկը՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով ՄԽԱ փորձագիտական խումբը ավելի վաղ ժամանել է Հայաստան, հանդիպել շահագրգիռ շատ կողմերի հետ ու արել իր եզրակացությունները։ «Ես պետք է հայտնեմ, որ դրանք շատ դրական են, քանի որ դուք իրոք մշակել եք ամբողջական, շատ համակարգային Ընտրական օրենսգիրք, որը հաշվի է առնում բոլոր շահագրգիռ կողմերի շահերը։ Ու մեզ ամենաշատն ուրախացրել ու զարմացրել է այն, որ դուք գրեթե չունեք անտագոնիզմ, ընդդիմադիր կուսակցությունների կողմից բողոքներ գրեթե չկան՝ մանր-մունր հարցեր են եղել, բայց դրանք անկարեւոր են։ Ես համարում եմ, որ դա , անկասկած,մեծ հաջողություն է»,- շեշտել է Բոլեսլավ Պիրշտուկը։
Շատ կարեւոր է, շարունակել է նա, որ Հայաստանում թափանցիկ է դարձել քվեարկության ու ձայների հաշվարկի բուն ընթացքը։ «Եվ այն, որ դուք պաշտպանության որոշակի աստիճաններ եք կիրառում, որ մարդը չկարողանա քվեարկել ուրիշի փոխարեն, կամ կրկնակի քվեարկել ու այդ ամենին հետեւելու եք տեխնիկական միջոցներով, դա մեծ առաջխաղացում է։ Եվ ես վստահ եմ, որ այդ նույն հոռետեսներն ու ընդդիմադիր ուժերը բոլորովին ոչ մի հիմքեր չեն ունենա, որպեսզի հետո ինչ-որ ձեւով վիճարկեն իրենց արդյունքները»,- նշել է Բոլեսլավ Պիրշտուկը։ Իրոք, նրա համոզմամբ, մշակված է օբյեկտիվ սխեմա։ «Ընդ որում ոչ միայն կուսակցական ցուցակների մասով, այլեւ հետաքրքիր է, որ հաշվի են առնվում նաեւ տարածքային շահերը, այսինքն ընտրողը քվեարկում է ոչ միայն առաջնորդների օգտին, ում ճանաչում է միայն էկրաններից, այլեւ նրանց օգտին, ում ճանաչում է իր տարածքում արված աշխատանքների միջոցով»,- ամփոփեց Բելառուսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի փոխխոսնակը։




























