Հնդկաստանի ռազմածովային ուժերը հեռահար գործողության Տու-142Մ հակասուզանավային օդանավերի դուրսգրման հանդիսավոր արարողություն է կատարել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության մամուլի բյուրոյին:
1980-ական թվականներին Խորհրդային Միությունից ստացած օդանավերը փոխարինվել են ամերիկյան P-8I Poseidon-ով: Ըստ հնդկական նավատորմի հրամանատարության ծրագրերի՝ դուրս գրված Տու-142-ներից մեկը կտեղադրվի ավիացիոն թանգարանում:
Տու-142Մ վերջին երեք օդանավերի դուրսգրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Հնդկաստանի ՌԾՈւ-ի Ռաջալի ավիաբազայում:
Հնդկաստանի ՌԾՈւ-ի ավիացիայի կազմում Տու-142-ի որակը եւ ծառայությունները բարձր են գնահատվել: Օդանավերը առանց վթարվելու եւ լուրջ վնասվածքների ավելի քան 30 հազար ժամ թռիչք են կատարել: Նշվել է դրա դերը 1988 թվականի «Կակտուս» գործողության ժամանակ, երբ ԽՍՀՄ-ից նոր-նոր մատակարարված օդանավերն օգտագործվել են «Թամիլ Իլամի ազատագրման վագրեր» կազմակերպության գրոհայինների որոնման ժամանակ, որոնք Մալդիվյան կղզիներում ռազմական հեղաշրջում էին պատրաստել: Տու-142-ը 1998 եւ 2001-2002 թվականներին Պակիստանի հետ հակամարտության ժամանակ օգտագործվել է նաեւ «Վիժայ» եւ «Փարաքրամ» գործողությունների ընթացքում, 2011 թվականին ակտիվորեն ներգրավվել է Ադենի նեղուցում եւ Արաբական ծովում ծովահենության դեմ պայքարում:
Հնդկաստանը ԽՍՀՄ-ից Տու-142Մ 8 օդանավեր էր ստացել 1987-88 թվականներին: Ծառայության ընթացքում օդանավերը 1990-ականներին եւ 2000-ականների երկրորդ կեսին արդիականացման երկու շարք են անցել՝ ստանալով կատարելագործված ռադիոէլեկտրոնային սարքավորումներ եւ լրացուցիչ սպառազինություն, այդ թվում՝ «Ուրան» համալիրի հականավային Х-35 հրթիռներ:


























