«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարներն ուսումնասիրում են ընտրատեղամասերից ստացվող ահազանգերը: Այս մասին ապրիլի 2-ին լրագրողներին ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, ով քվեարկել է Երեւանի կենտրոնում գտնվող Ալ. Գրիբոյեդովի անվան դպրոցում:

Նրա խոսքով` քանի դեռ մասնագետները հստակ ոչինչ չեն ասել, եզրակացությունների եւ հայտարարությունների հետ կապված շտապել պետք չէ:

Ի դեպ, երբ Քոքոբելյանը քվեաթերթիկը ձեռքին մոտենում էր քվեատուփին, երբ ընտրական հանձնաժողովի աշխատակցուհին, իր մեջքի հետեւում բազմաթիվ լրագրողների տեսնելով, ժպիտով բացականչեց. «Ծափահարություններ»:

Քոքոբելյանի խոսքով` ինքը քվեարկել է հանուն ազատ եւ արդար Հայաստանի, որը «կյանքի համար վայր կդառնա` ինչպիսի քաղաքական փոփոխություններ էլ տեղի ունենան»:

Նա չի համաձայնել, որ իր կուսակցությունը չի հաղթահարի 5 տոկոսանոց շեմը: «Մեզ մոտ շատ սոցհարցումներ արտացոլում են ոչ այնքան հասարակության, որքան պատվիրատուների կարծիքը», – նշել է Քոքոբելյանը:

Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակում ներառված են նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչները: