ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը չի բացառում, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կգտնվեն մարդիկ, որոնք կցանկանան տարբեր ծառայություններ մատուցել տարբեր քաղաքական ուժերի: Այս մասին նա հայտարարել է ապրիլի 2-ին ՀՀԿ կենտրոնական շտաբում ճեպազրույցի ժամանակ` մեկնաբանելով երկրում խորհրդարանական ընտրությունների ընթացքը:
ՀՀԿ ներկայացուցչի խոսքով` ընտրությունները ընթանում են բնականոն հունով, եւ լուրջ խախտումներ չեն արձանագրվել: Նրա խոսքով` այդ մասին են հայտարարել նաեւ միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչները, որոնց հետ ինքը կապվել է:
«Նրանք պնդում են, որ այն մեխանիզմը, որը ներդրվել է, օգնում է խուսափել չարաշահումներից ու խնդիրներից, որոնք կարող էին ստվեր նետել ընտրությունների ընթացքին», - ասել է Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա` խախտումների վերաբերյալ ահազանգերը կարելի է երկու խմբի բաժանել` օբյեկտիվ հաղորդագրություններ խախտումների վերաբերյալ, որոնցով անմիջապես զբաղվում են ԿԸՀ-ն ու ոստիկանությունը, ինչպես նաեւ հաղորդագրություններ խախտումների մասին, որոնք մեկ նպատակ են հետապնդում` ստվեր նետել ընտրությունների գործընթացի վրա: Եւ այդպիսինները, Շարմազանովի կարծիքով, մեծամասնություն են, եւ երբ իրավապահները գնում են նրանց հետքերով, ապացույցներ չեն գտնում:
«Ես խախտման վերաբերյալ ոչ մի լուրջ հաղորդագրություն չեմ լսել, որը կարող էր ստվեր նետել ընտրությունների վրա: Ընտրությունների կազմակերպման մեխանիզմն այնպիսին է, որ դա բացառվում է։ Բայց ես չեմ բացառում, որ մարդիկ կգտնվեն, ովքեր կցանկանան տարբեր ծառայություններ մատուցել տարբեր քաղաքական ուժերի», - ասել է նա:
ՀՀԿ մամուլի քարտուղարը հավելել է, որ նոր Ընտրական օրենսգիրքը ընտրությունների արդյունքներին վստահելու հնարավորություն է տալիս` ինչպիսին էլ որ լինեն:
«Մենք հասել ենք նրան, որ ընտրողի ձայնը չի կարող կորած կամ կեղծված լինել, իսկ գործընթացի ու ընտրությունների արդյունքների վրա կաշառքների ազդեցությունն հավասարեցված է զրոյի», - վստահեցրել է նա:
Մեկնաբանելով «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի հաղորդագրությունները խախտումների վերաբերյալ` Շարմազանովն ասել է. «Չգիտեմ` ինչ է այսօր կատարվում պարոն Բարսեղյանի հետ: Առավոտյան նա նույնիսկ իր տան հասցեն է շփոթել: Այդ պատճառով էլ կոչ եմ անում նրա խոսքերին լուրջ չվերաբերվել, իսկ նրան կոչ եմ անում ավելի ուշադիր լինել»:
Մեկնաբանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ կատարվածը, Շարմազանովը նշել է, որ լրագրողի գործունեությունը խոչընդոտելու ցանկացած փորձ անթույլատրելի է եւ դատապարտման արժանի՝ անկախ նրանից, թե ովէ դա արել: Նա նաեւ նշել է, որ այդ դեպքը հետաքննում են ոստիկանությունն ու դատախազությունը:
Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում: Ընտրապայքարին մասնակցում են 5 քաղաքական կուսակցություն եւ 4 դաշինք: Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոս, իսկ դաշինքները` 7 տոկոս շեմը:




























