ԱԺ Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանն ահազանգում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղի, Արագածոտնի մարզի Բյուրական եւ Փարփի գյուղերի տնտրական տեղամասերում տեղի ունեցող ընտրախախտումների մասին: Այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Ճամբարակում անհայտ անձինք ընտրական տեղամասերից դուրս են հանել տարբեր քաղաքական ուժերի վստահված անձանց, իսկ Փարպիում՝ խառնաշփոթ է, քաշքշոց, որի մասին ինքն արդեն տեղեկացրել է ԿԸՀ նախագահին եւ ՀՀ գլխավոր դատախզին:
«Մենք մեր աղբյուրներից տեղեկություն ստացանք, որ Ճամբարակում անհայտ անձինք հանձնաժողովներում ներգրավված, քաղաքական ուժերի տարբեր վստահված անձանց դուրս են հրավիրել եւ թույլ չեն տվել, որ վերադառնան ընտրական տեղամասեր: Տեղամասերում ուղղորդումները եւս շատ ակնհայտ են, կարծում եմ, որ այն աշխատանքը, որը պետք է ոստիկանությունը անի, անում են լրագրողները՝ տեղամասերից դուրս: Երկրորդ ահազանգը ստացել ենք Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից, բացահայտ ուղղորդումներ, բաց քվեարկություններ են եղել, մեր միջամտությունից հետո կարծես հանդարտվել է իրադրությունը: Սակայն, չի հանդարտվում իրավիճակը Փարպիում, այնտեղ եւս քաշքշոցներ, խառնաշփոթ է, բաց քվեարկություններ են: Փարպիում տիրող իրավիճակի մասին ահազանգել եմ ԿԸՀ- նախագահին եւ գլխավոր դատախազին, որպեսզի փորձեն կարգուկանոն հաստատեն: Գաղտնիք չէ, որ «Բարգավաճ Հայաստանի» նախկին անդամ, այժմ ՀՀԿ-ի թեկնածու Բազմասեր Առաքելյանի համայնքն է եւ տարօրինակ է, որ այդ թեկնածուն չի հասկանում, թե ինչ է անում սեփական գյուղում»,-ասել է նա։




























