Սիրիայի հյուսիսում գտնվող Շագբա շրջանի ցեղերի ավագանու խորհուրդը դատապարտել է «թուրքական բռնազավթումն» ու քրդերի արտաքսումը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ արել այդ գործողությունների դեմ միջոցներ ձեռնարկել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով համապատասխան փաստաթղթին։

Շագբա շրջանի ցեղերի ավագանու խորհուրդը Սիրիայի հյուսիսում վեց ցեղերի է միավորում, այդ թվում՝ Էլ-Բաթուշ թուրքմենական ցեղին, էլ-Ջիզ եւ Միջիմա արաբական ցեղերին, ինչպես նաեւ Էլ-Դանադի, Կեկտիկան եւ Բեդան քրդական ցեղերին։

«Թուրքիայի զավթողական գործողությունները, սիստեմատիկ բռնի տեղահանումը, եւ քուրդ ժողովրդի արտաքսումն ուղղված են տարածաշրջանի ժողովրդագրության փոփոխությանը։ Շատ քուրդ ընտանիքներ դուրս են մղվում իրենց գյուղերից»,- ասվում է ավագանու խորհրդի հայտարարությունում։

Խորհուրդը դատապարտել է Թուրքիայի գործողություններն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ արել «կոնկրետ միջոցներ ձեռնարկել թուրքական բռնազավթման եւ Շագբա շրջանից քուրդ ընտանիքների արտաքսման դեմ»։

Հայտարարությունում նաեւ ընդգծվում է, որ Շագբայի բնակիչները «տարբերություն չեն դնում արաբների, քրդերի ու թուրքմենների միջեւ»։ Փաստաթուղթը կոչ է անում հարեւան Էլ վաիր եւ Կքասիր շրջանների բնակիչներին ժամանել Շագբա շրջան, որտեղ նրանց «պատրաստ են դիմավորել եւ օգնություն ու աջակցություն ցուցաբերել»։