Հայաստանի նախկին փոխվարչապետ եւ պաշտպանության նախկին փոխնախարար, «Նորք-Մարաշի» զինված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
ՔԿՎ-ից հայտնեցին, որ Վահան Շիրխանյանը պահվում է նորմալ հիվանդանոցային պայմաններում:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը ձերբակալվել է 2015թ.-ի դեկտեմբերի 21-ին Նորք-Մարաշում զինված խմբավորման վնասազերծման գործի շրջանակում: Նա մեղադրվում է խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի հետ համագործակցության մեջ: 2016-ի սեպտեմբերին քննչական մարմինը Վահան Շիրխանյանին նոր մեղադրանք առաջադրեց՝ իշխանության գրավման նախապատրաստում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարությանը հարցեր է ուղղել՝ կապված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջության հետ:




























