ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը այս շաբաթ առաջին անգամ են հանդիպելու Ֆլորիդայում Թրամփի «Մար-ա –Լագո» ամառանոցում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Վերլուծաբանների կարծիքով այդ հանդիպումը հսկայական նշանակություն ունի աշխարհի երկու հզորագույն տնտեսությունների հարաբերությունները կայունացնելու տեսակետից։

Հանդիպման նախօրեին Թրամփն արդեն ենթադրություն է հայտնել, որ բանակցությունները բարդ են լինելու՝ հաշվի առնելով Չինաստանի հետ ԱՄՆ հսկայական առեւտրային դեֆիցիտը։ Բացի դրանից նա նորից Չինաստանին կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել Հյուսիսային Կորեայի նկրտումները զսպելու համար։ Թրամփը հայտնել էր, որ եթե Չինաստանը չլուծի այդ խնդիրը, ապա ԱՄՆ-ն կլուծի։

Պեկինն էլ իր կողմից, ըստ ամենայնի, ավելի շատ  մտահոգված է հարաբերությունների կլիմայով ու  հանդիպման ընթացքում հնչելիք կարգախոսներով։ Դատելով չինական իշխանությունների ու վերլուծաբանների հայտարարություններից, Չինաստանում ուշադիր հետեւելու են բանակցությունների ընթացքին, որպեսզի հասկանան՝ արդյոք Վաշինգտոնը կարող է երկու երկրների միջեւ հարաբերությունների նոր կոնցեպցիա ընդունել։

Չինաստանը հույս ունի, որ Թրամփը կհաստատի անցած ամիս Պեկին կատարած այցելության ժամանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ասածը։

«Երկու նախագահները կորոշեն Չինաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների բնույթը՝ հետևյալ բնութագրերի համաձայն՝ կոնֆլիկտների ու առճակատումների բացակայություն, փոխադարձ հարգանք, փոխշահավետ համագործակցություն»,- կանխատեսում է չինացի քաղաքագետ Վան Դունը։ Նրա խոսքով Չինաստանը հույս ունի, որ ոչ պաշտոնական հանդիպումը որոշակի կայունություն կբերի հարաբերություններին ու կօգնի ցրել այն անորոշությունը , որն առաջացել էր ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունից հետո։

Ռոս Ֆայնգոլդը համարում է, որ առանցքային գործոնն այն է լինելու, թե որքանով երկու առաջնորդներին կհաջողվի կառուցողական անձնական հարաբերություններ կառուցել։ «Սի Ցզինպինը, ակնհայտորեն, ուզում է աշխատանքային հարաբերություններ հարթել նախագահ Թրամփի հետ, որպեսզի  կողմերը կարողանան առաջ շարժվել երկկողմանի օրակարգի բազմաթիվ խնդիրների լուծման հարցում․․․Ամուր անձնական հարաբերությունները հսկայական նշանակություն ունեն երկկողմանի նպատակների իրականացման համար»,- նշում է նա։